Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքի պաշարները վերացնելու համար կարելի է կիրառել բջջային սարքեր, որոնք ունեն ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ, թունավոր նյութերի ոչնչացման համար: Այս մասին նա հայտարարել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Արտգործնախարարի խոսքով՝ քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ հանձնաժողովը պետք է որոշի՝ ինչպես և երբ պետք է ոչնչացվի քիմիական զենքը:
«Նրանք պետք է ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով և որոշեն, թե ինչ թունավոր նյութեր կարող են ոչնչացվել տեղում, և ինչ է դրա համար պահանջվում: Հավանական է, որ սիրիացիներն ունեն անհրաժեշտ հզորությունը, ինչին, սակայն, կասկածում եմ»,- ասել է նա:
Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվան մտավախություններ ունի, որ Սիրիայի ընդդիմությունը կարող է կրկին քիմիական զենք օգտագործել:
Մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ապացույցներ ունի, որոնց համաձայն՝ քիմիական զենք կիրառել է Սիրիայի կառավարությունը, Լավրովն ասել է, որ իրենց այդ ապացույցները ցույց չեն տվել:
«Մենք, հակառակը, ցույց ենք տվել մեզ մոտ առկա ապացույցները, որոնք բերում են այն եզրահանգման, որ դա ընդդիմության ձեռքի գործն է»,- հավելել է նա:








































