Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր լիցքեր կհաղորդի իր ակումբին:
«Մխիթարյանը միշտ էլ լավ կիսապաշտպան է եղել: Նախորդ տարի նա սկսեց շատ գոլեր հեղինակել: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում նա 10 գոլի հեղինակ դարձավ: Մխիթարյանը վտանգավոր էր մրցակիցների համար»,- Վենգերի խոսքերն է մեջբերում բրիտանական Daily Star-ը:
Բրիտանական կայքը նաև գրում է, որ Մխիթարյանը հույս ունի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ առաջիկա խաղում առաջին անգամ հայտնվել իր նոր ակումբի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հենրիխ Մխիթարյանը Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ վնասվածք է ստացել և փոխարինվել է հանդիպման 38-րդ րոպեին, ինչը կարող է կասկածի տակ դնել նրա մասնակցությունը մանչեսթերյան դերբիին:









































