Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը անդրադարձավ հայկական թիմի երկու անդամների՝ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի որակավորման փուլի ելույթներին:
«Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն: Մերդինյանի ստացած գնահատականը՝ 15,583 միավոր, հնարավորություն կտա պայքարելու եզրափակչում: Նա արեց վարժությունը այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակչում:
Արթուրն առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավել կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանը անհաջողության մեջ ինքն իրեն է մեղադրում միայն:
Անհատական գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 14-ին և 15-ին:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի








































