Նախորդ շաբաթ Երևանում կայացել է բասկետբոլի մարզչական սեմինար, որը վարել է սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրումպը: Երևանից հեռանալուց առաջ նա իր դիտարկումներն է կատարել հայկական բասկետբոլի վերաբերյալ՝ գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
«Ես հաճելիորեն զարմացա, որ Հայաստանում բազմաթիվ մարզիչներ էին ցանկություն հայտնել մասնակցել սեմինարին և նոր գիտելիքներ ստանալ: Դա փաստում է, որ Հայաստանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Ձեր երկրի գրեթե բոլոր դպրոցներն ունեն բասկետբոլային դահլիճներ, ինչը հիանալի հնարավորություն է ստեղծում, որ բասկետբոլն ավելի մասսայական դառնա և զարգանա:
Մարզիչներից շատերը սեմինարների մասնակցելու փորձ չունեին, քանի որ Հայաստանում հազվադեպ են նման դասընթացներ տեղի ունենում: Հայաստանում սեմինարների թիվը պետք է ավելացնել, այլապես մարզիչները կմնան նույն տեղում և չեն կարողանա աճել:
Իհարկե, ֆինանսներ են հարկավոր այդ ամենը կազմակերպելու համար, բայց սա շատ կարևոր հարց է, քանի որ առանց որակյալ մասնագետների բասկետբոլը չի զարգանա:
Տեղյակ եմ, որ ամռանը Հայաստանի տարիքային հավաքականները ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու: Հավաքականներում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, ովքեր արտասահմանից են: Տեղացիները պետք է օգտվեն այդ առիթից և հնարավորինս շատ բան քաղեն նրանցից:
Ես հեռանում եմ Հայաստանից, բայց հուսով եմ, որ ապագայում կշարունակենք համագործակցել: Այստեղ ես ծանոթացա հիանալի մարդկանց հետ և հիանալի հուշեր կունենամ Հայաստանից»,- Տոնե Կրումպի խոսքն է փոխանցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: