«Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է երևանյան ակումբում աշխատանքից առաջին տպավորությունների և ապագայի պլանների մասին:
– Ինչպե՞ս հայտնվեց «Բանանց»-ում աշխատելու տարբերակը և որը դարձավ գլխավոր գործոնը, որը ստիպեց ընդունել այս առաջարկը:
– Առաջարկը ստացա ակումբի գլխավոր բաժնետերից: Չէի ասի, որ որոշումը հեշտ տրվեց, բայց միշտ հետաքրքիր է զբաղվել մի նախագծով, որը ենթադրում է ոչ միայն կարճաժամկետ հեռանկարներ արդյունքների առումով, այլ նաև որոշակի բազայի հիմքի ստեղծումը՝ սկսած ակադեմիայից, վերջացրած հիմնական թիմից: Երկրորդ գործոնը,որը նպաստեց իմ որոշման վրա այն է, որ ինձ նախկինում հաջողվել էր տեսնել այն հիանալի ենթակառուցվածքներն ու բազան, որն ունի ակումբը: Իմ փորձը հաշվի առնելով կարող եմ ասել, որ Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խմբի շատ ակումբներ նման պայմաններ չունեն: Այս ամենը պետք է զարգացնել և ճիշտ օգտագործել: Սա երկրորդ նրբերանգն էր, որի շնորհիվ համոզվեցի, որ նախագիծը հետաքրքիր է: Սա նոր մարտահրավեր է ինձ համար:
– Արդեն մի քանի օր աշխատում եք ակումբում: Ինչպիսի՞ն են «Բանանց»-ում աշխատանքից առաջին տպավորությունները:
– Տպավորությունները շատ դրական են: Գլխավորն այն է, որ կան հնարավորություններ և ռեսուրսներ: Ֆուտբոլում գլխավորը ենթակառուցվածքներն են, որոնք թույլ են տալիս ճիշտ և գրագետ ռելսերի վրա դնել համապատասխան նախագիծը: Բնականաբար, շատ աշխատանք է պետք կատարել, շատ բաներ փոխել, մտցնել կադրերի և ֆուտբոլիստների պատրաստման միասնական համակարգ, որն այժմ բացակայում է: Կարծում եմ, որ սա հայկական թիմերի մեջ լավագույն ենթակառուցվածքն է: Ավելի լավը ես տեսել եմ միայն Հայաստանի հավաքականի տեխնիկական կենտրոնում: Կարծում եմ, որ մյուս ակումբները նման հնարավորություններ չունեն:
– Արդյոք գլոբալ փոփոխություններ սպասվումեն «Բանանց»-ի առաջին թիմում:
– Ես կողմնակից չեմ, որ գլոբալ փոփոխություններն արագ տեղի ունենան: Դա կարվի միայն այն բանից հետո, երբ որոշակիորեն եզրակացնենք, թե ինչ է տեղի ունեցել մինչ այժմ և ինչ է տեղի ունենում հիմա: Բնականաբար, թիմի արդյունքներն այս պահին անբավարար կարելի է համարել: «Բանանց»-ը պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի, բայց մենք աստիճանաբար կմոտենանք այդ հարցին և կվերլուծենք իրավիճակը: Ես շատ եմ շփվել տղաների և մարզչի հետ: Արդեն կա պատկերացում, թե ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում: Համապատասխանաբար, կհետևենք, թե ինչ կլինի հետագայում: Եթե լինեն փոփոխություններ, բոլորն այդ մասին կիմանան:
– Ի՞նչ է սպասվում երկրպագուների հետ աշխատանքում:
– Ես դեռևս ներկա չեմ գտնվել «Բանանց»-ի կամ հայկական որևէ այլ ակումբի պաշտոնական խաղերին, բայց ինձ պատմել են, որ խաղերի ժամանակ մարզադաշտերում շատ երկրպագուներ չեն լինում: Կցանկանայի հրավիրել «Բանանց»-ի բոլոր երկրպագուներին, հատկապես մարզաբազայի մոտակայքում ապրողներին, որպեսզի գան, դիտեն ֆուտբոլ և հաճույք ստանան: Բացի այդ որոշակի փոփոխություններ կլինեն երկրպագուների համար, հնարավոր է լինեն հավատարմության որոշակի ծրագրեր, որոնք այստեղ հնարավոր են: Մեզ անհրաժեշտ է բարձրացնել հաճախելիության ցուցանիշները, քանի որ ֆուտբոլը երկրպագուների համար է:








































