Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզապալատում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին։ Մենամարտն ընդամենը 3 ռաունդ տևեց։
Սուպերմիջին քաշային կարգում Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից WBO վարկածով չեմպիոնական մենամարտում հաղթանակ տոնեց Շտիգլիցը: Ցավոք, հայազգի բռնցքամարտիկն առաջին երեք ռաունդներում լուրջ վնասվածք ստացավ, և բժիշկները թույլ չտվեցին նրան շարունակել մենամարտը: Շտիգլիցը տեխնիկական նոկաուտ տարավ ու վերադարձրեց չեմպիոնական գոտին:
Առաջին ռաունդում Շտիգլիցը շատ ակտիվ էր։ Երկրորդ ռաունդը ևս Արթուրը սկսեց պաշտպանությունից, սակայն բռնցքամարտիկները մի քանի հարվածներ հասցրին միմյանց։ Հարվածների արդյունքում 33-ամյա Աբրահամն աչքի վնասվածք ստացավ։ 3-րդ ռաունդում Շտիգլիցը փորձեց օգտագործել այդ հանգամանքն ու արագ առավելության հասնել մրցակցի նկատմամբ. գերմանացին ռինգում բավական ակտիվ էր։ Բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը և դադարեցրեց մենամարտը։ 31-ամյա Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով. Աբրահամը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։
Հիշեցնենք, որ այս 2 բռնցքամարտիկներն առաջին անգամ միմյանց հետ մենամարտել էին նախորդ տարվա օգոստոսի 25-ին։ Այդ ժամանակ Աբրահամը հիանալի մենամարտ էր անցկացրել ու հաղթել մրցակցին՝ խլելով Շտիգլիցին պատկանող WBO տարբերակով աշխարհի չեմպիոնական գոտին։








































