Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի շրջանակներում «Ուլիս»-ը վաղը պատասխան խաղն է անցկացնելու Մալթայի «Բիրկիրկարա»-ի հետ: Առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
«Բիրկիրկարա»-ի գլխավոր մարզչի օգնական Յոսեպ Մանսուետոն պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մարզիչը ներկա է մարզումներին, այդ իսկ պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Առաջին խաղում «Ուլիս»-ը սկզբում առավելություն ուներ: Ակնկալում ենք, որ երկրորդ խաղը նույնպես հետաքրքիր կլինի, վստահ ենք մեր ուժերին և հուսով ենք, որ կհաղթենք:
Ֆաբրիցիո Միկոլին մեզ հետ է սկսել այս մրցաշրջանը: Առաջին խաղին նա չմասնակցեց, քանի որ մարզավիճակը չբավականացրեց: Հուսով եմ՝ երկրորդ խաղին նա պատրաստ կլինի:
Բնականաբար շարժառիթ է, որ հաղթանակի դեպքում խաղալու ենք «Վեսթ Հեմ»-ի հետ, բայց այժմ ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այս խաղի վրա:
Դեռ վստահ չենք, հիմնական դարպասապահը կխաղա, թե ոչ: Նա վնասվածք ուներ: Բայց երկրորդ դարպասապահը ևս լավ խաղաց: Այդ իսկ պատճառով այս դիրքում խնդիրներ չունենք: Մեր հիմնական նպատակն է շատ լավ ֆուտբոլ ցուցադրել ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ այստեղ»:









































