Ռուսական ugra-news.ru-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի Նեֆտեյուգանսկի շրջանի Պայակովսկի քաղաքատիպ ավանում 11-րդ անգամ ընթանալու է շրջանի ղեկավար Վլադիմիր Սեմյոնովի մրցանակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային խաղարկությունը:
Մրցաշարում պարգևներ կվիճարկվեն 8 քաշային կարգերում: Ըստ նախնական հայտերի ստուգատեսին մասնակցելու պատրաստականություն են հայտնել 18 երկրներ: Վերոհիշյալ աղբյուրի համաձայն՝ այս պահին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել Հայաստանը, Կանադան, Թունիսը և Լեհաստանը:
Այս լուրի հավաստիությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ով նշեց նաև, որ տղամարդկանց այս միջազգային ներկայացուչական մրցաշարի Հայաստանի պատվիրակների վերջնական կազմը իրենք կհրապարակեն նոյեմբերի 5-ին:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն








































