Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը խոսել է լոնդոնյան ակումբի կազմում իր ցուցադրած խաղի մասին և նշել, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի շահերն ամեն ինչից վեր է դասում: Հիշեցնենք` բրազիլացի ֆուտբոլիստը «Ատլետիկո»-ից «Չելսի» է տեղափոխվել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Հիանալի է «Չելսի»-ում խաղալը: Սա մեծագույն զգացում է: Ամեն անգամ մարզումների ժամանակ զգում եմ, որ հանդես եմ գալիս մեծագույն ակումբում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է դուրս գալ խաղադաշտ: Եթե այդպես չէ, դժգոհություն է առաջանում:
Սակայն երբ եկա այստեղ, Մոուրինյոն ինձ հետ երկար զրույց ունեցավ: Գիտեի, որ ակումբ եմ եկել` չեմպիոն դառնալու, ոչ թե լավագույն ձախ պաշտպան լինելու համար: Մոուրինյոյի հետ աշխատելու ժամանակ պետք է հաշվի առնել, որ նա վեր է դասում թիմի շահերն ամեն ինչից: Նրա համար թիմը վեր է անհատից»,- Daily Mail-ը մեջբերում է Ֆելիպե Լուիսի խոսքերը:.








































