Մոսկվայի «Սպարտակ»-ը նորանշանակ գլխավոր մարզիչ Դմիտրի Ալեյնիչևի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել 2015/16թթ մրցաշրջանին:
Շվեյցարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում երեկ թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա մինչ այդ սրունքաթաթի վնասվածքի պատճառով անհատական ծրագրով մարզվում էր մոսկովյան ակումբի` Տարասովկայում գտնվող մարզաբազայում:
Մովսիսյանը երեկ մարզվել է անհատական ծրագրով: Մինչև հիմնական խմբին միանալը նա ֆիզպատրաստականության գծով մարզիչ Օլեգ Սամատովի գլխավորությամբ վերականգնողական ծրագիր է անցնում:
Դա Մովսիսյանին հնարավորություն կտա համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն ձեռք բերել ամբողջական ծանրաբեռնվածությամբ մարզումների համար:
«Ուրախ եմ նորից լինել թիմի հետ: Սրունքաթաթի հատվածում թեթևակի ցավ դեռ զգում եմ, բայց հիմա ինձ շատ ավելի լավ եմ զգում: Անհամբեր սպասում եմ` երբ եմ մարզվելու ամբողջական ծրագրով, որպեսզի լիարժեք նախապատրաստվեմ նոր մրցաշրջանին»,- ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ ճեպազրույցում նշել է Մովսիսյանը: