Վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի ղեկավարությամբ աշխատող հեծանվային սպորտի հանրապետական դպրոցի մարզիչները ավանդաբար բարձրակարգ մարզիկներ են աճեցնում: Հիշենք հենց նախորդ մրցաշրջանում Մհեր Մկրտչյանի նվաճած արծաթե երկու մեդալները` աշխարհի մոսկովյան երիտասարդական առաջնությունում:
Հաջողություն է ակնկալվում նաև Պորտուգալիայի Անադիա քաղաքում հուլիսի 1-6-ը անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունից: Այդ մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Բելառուսի երիտասարդական բաց առաջնությանը մասնակցեցին նշյալ դպրոցի երկու սաները:
128 մասնակիցների միջև ընթացող պայքարում վեց մրցաձևից բաղկացած բազմամարտում Էդվարդ Մաթոսյանը բրոնզե մեդալակիր դարձավ՝ և՛ հինգ միջանկյալ վերջնագծով 25 կմ մրցավազքում, և՛ մեկ վերջնագծով 15 կմ խմբային վազքում: Էդվարդն իր հաշվին երրորդ մեդալը գրանցեց նաև բազմամարտում` վեց մրցաձևերի ընդհանուր արդյունքով: Հարկ է նշել, որ շնորհալի հեծանվորդը լրացրեց նաև ՀՀ սպորտի վարպետի նորման: