Իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը հայտնել է, որ 2 տարվա որակազրկումից հետո մեծ սպորտ կվերադառնա օգոստոսին և կմասնակցի «Վուելտա-2012»-ին:
Կոնտադորը ցանկանում է նաև մասնակցել սեպտեմբերի 15-ից 23-ը Հոլանդիայում կայանալիք հեծանվավազքի մայրուղային աշխարհի առաջնությանը:
Իսպանիայի «Վուելտա» մրցաշարը առաջինը կլինի Կոնտադորի համար, քանզի նրա որակազրկման ժամկետը ավարտվում է օգոստոսի 5-ին: 2008 թվականին մարզիկը «Աստանա» թիմի կազմում հաղթել է «Վուելտա»-ն:
As պարբերականը հաղորդում է, որ Կոնտադորն այս պահին մի քանի թիմերից առաջարկ ունի, սակայն նա ցանկանում է հանդես գալ «Saxo Bank» թիմում:
Հիշեցնենք, որ 2010 թվականին` «Տուր դե Ֆրանս» մրցաշարի ժամանակ Կոնտադորի արյան մեջ հայտնաբերվել էին արգելված դեղամիջոցներ և մարզիկը ստացել էր 2 տարվա որակազրկում: