Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ կապված իր արտաքին քաղաքականության նպատակների, ինչպես նաև Իրանի հետ իր երկկողմ հարաբերությունների մասին։ Ես պարզապես կասեմ, որ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և մենք կշարունակենք գործի դնել դրանք», – ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ ցանկացած մեկը, որը դիտարկում է Իրանի հետ գործարքներ կնքելու հնարավորությունը, «պետք է գիտակցի այն հնարավոր ռիսկը, որին նա ենթարկվում է, ինչպես նաև պատժամիջոցների հնարավոր ռիսկը»:
Հարցին՝ արդյոք Հնդկաստանը կարող էր ազատված լինել ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից՝ կապված այս գործարքի հետ, Պատելը բացասական պատասխան է տվել։











































