Գերմանիան ներկայացնող հայ անվանի բռնցքամարտիկ, Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հայությանը.
«Սիրելի´ հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի առթիվ: Մաղթում եմ սեր, առողջություն եւ առատություն ամեն հայի ընտանիքում: Թող 2012 թվականը միայն բարձր նպատակների, ձեռքբերումների եւ հաղթանակների տարի լինի հայության համար: Այդ ճանապարհին մեզ կօգնեն միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը եւ հայի անկոտրում կամքը:
Ազատության եւ խաղաղության պայմաններում շարունակենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցում՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Ցանկանում եմ, որ արցախյան հակամարտությունն էլ խաղաղ ճանապարհով կարգավորվի, եւ մենք՝ հայերս, ապրենք մեր անկախ, ինքնիշխան, խաղաղ Հայաստանում՝ օտար ազգերի կողմից ճանաչվելով հզոր, արարող մի ազգ, ով աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը:
Վստահ եմ, որ իմ եւ աշխարհով մեկ սփռված հայության այս մեծ նպատակներն իրականություն կդառնան, եթե մենք դրանց իրականացման ճանապարհին լինենք միասնական: Հպարտ եմ, որ հայ եմ: Իմ անսահման սերը բոլորիդ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»: