Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշայինների պայքարի 1/8 եզրափակիչում պարտություն կրեց Հայաստանի հավաքականի գլխավոր հույսերից մեկը: Ռոման Ամոյանը զիջեց կորեացի Յին Գյու Չոյին և դուրս մնաց հետագա պայքարից:
Ցավոք, պարտություն կրեց նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Արթուր Ալեքսանյանը, ով կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունքը զիջեց թուրք Չենք Իլդեմին:
Հիշեցնենք, որ մինչ այդ պայքարը լքել էր նաև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ադիկյանը: Փաստորեն, աշխարհի առաջնության մեկնարկային օրը չափազանց անհաջող ստացվեց Հայաստանի հավաքականի համար, և մենք ոչ մի մեդալ չնվաճեցինք:
Հուսանք, որ վաղը պայքարի մեջ մտնող Վահան Ջուհարյանը (60 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ) անպայման մեդալներ կնվաճեն և բարձր կպահեն Հայաստանի հավաքականի պատիվը: