
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Յանա Եգորյանին, Սոֆյա Վելիկայային և Սոֆյա Պոզդնյակովային մասնակցել միջազգային մրցումների։ Նշենք, որ այս տարի անցկաղվող մրցումները վարկանիշային են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար։ «Միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունք ստացած թրամարտիկների ցուցակը։ Պոզդնյակովան, Վելիկայան, Եգորյանը, Նիկիտինան, Իբրագիմովան, Ռեշետնիկովան, նաև հեռանկարային շատ մարզիկներ չեն ընդգրկվել այդ ցուցակում»,- ասել է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Իլգար Մամեդովը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի որոշել էր ապրիլից թույլատրել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին մասնակցել միջազգային մրցումների։ Նշենք, որ Եգորյանը ապրիլի 17-ին դարձել էր սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն: Թրամարտի մրցման եզրափակիչում 29-ամյա մարզուհին 15-12 հաշվով առավելության էր հասել Ալինա Միխայլովայի նկատմամբ:
«Յուրաքնչյուր մարզիկ ունի երազանք և դա բնական է։ Յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակը սակայն Օլիմպիական խաղերն են։ Եկող տարի կսկսվի 2024 թվականի Օլիմպիադայի որակավորման փուլը։ Բնական է, որ առանց որակավորման հնարավոր չի լինի ելույթ ունենալ Փարիզում։ Եթե ռուսաստանցի մարզիկներին թույլ չտան մասնակցել որակավորման մրցաշարերին, ստիպված եմ լինելու ամուսնուս հետ լուրջ խոսակցություն ունենալ։ Այո, սուսերամարտով կարող եմ զբաղվել Ռուսաստանում, բայց որքան։ Մի տարի, երկու տարի․․․։ Եթե չիլինի հեռանկար ստիպված եմ լինելու այլ զբաղմունք գտնել»,- անցյալ տարվա վերջին ասել էր Եգորյանը: Ռուսաստանի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոն դառնալը Եգորյանի կողմից ըստ հայտ էր մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Հայազգի մարզուհին հույս ուներ, որ սուրսերամարտի միջազգային ֆեդերացիան իրեն կթույլատրի մասնակցել օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին, բայց․․․։ Այս պահին Եգորյանն ուղղակի խաղից դուրս վիճակում է և հեռանկարը մասնակցելու Օլիմպիական խաղերին ավելի քան մշուշոտ է։ Ստեղծված իրավիճակում տիտղոսակիր մարզուհի ունի միայն մեկ հնարավորություն։ Նա կարող է խնդրանքով դիմել Հայաստանին, որպեսզի մեր սպորտային գերատեսչությունը ոսկե հնարավորություն ընձեռնի։ Ներկայացնելով Հայաստանը Եգորյանը հնարավորություն կունենա մասնակցելու միջազգային մրցաշարերին և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Կգնա՞ արդյոք Եգորյանն այդ քայլին։ Այս պահին նրա որոշման մասին տեղեկություններ չկան։
Մոտ մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, իբր ՀԱՕԿ-ը ցանկացել է մարմնամարզության Հայաստանի հավաքականում ընդգրկել ռուսաստանցի օլիմպական չեմպիոն Արթուր Դալալոյանին և որ վերջին մերժել է հայերին։ «Դալալոյանը հրաժարվե՞լ է տեղափոխվել Հայաստանի հավաքական։ Դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկել են, բայց Արթուրը շատ հստակ հասկացրեց, թե որտեղ է և ում հետ։ Դալալոյանը ճիշտ է վարվել, նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և նա չէր կարող վերցնել և այլ կերպ վարվել»,- ասել էր Ռուսաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն։
Ի պատասխան լուրերի, ըստ որոնց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջարկ է արել Դալալոյանին և գեղասահորդ Արթուր Դանիելյանին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ այդ լուրերը կատարյալ դատարկաբանություն են: