
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցեցին նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները: «Ընդգծեմ, որ վերջին օրերին «11 ոսկե՝ 8 օրում» կարգախոսը թերևս Հայաստանում ամենաշատ բարձրաձայնված կարգախոսն է, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այդ կարգախոսը կերտելու համար: Իհարկե, խոսքը միայն ոսկե մեդալների մասին չէ, և ուզում եմ ընդգծել նաև մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր մեդալ են նվաճել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այդ արդյունքների վերաբերյալ և հույս հայտնել, որ դա ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում: Երբ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ գրել էինք՝ նպատակ ենք դնում, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ պետք է ունենա, բոլորի առաջին հարցն այն էր, թե դա ինչպես ենք անելու, ինչպես ենք նվաճելու. այսպես ենք նվաճելու՝ սկզբից Եվրոպա, աշխարհ, հետո օլիմպիադա»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Վերջինս ըստ էության ներկայացրել է 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու ճանապարհային քարտեզը։ Այս պահին մենք ունենք կարգախոս և Եվրոպայի 11 չեմպիոններ։ Նախորդ ամսին Երևանում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբացեցրեց առաջին հորիզոնականը։ Մեր ծանրորները նվաճեցին 4 ոսկե, 4 արծաթ և 5 բրոնզե մեդալ։ Առանձին վարժություններում մեր հավաքականը նվաճեց 12 ոսկե, 11 արծաթ և 13 բրոնզե մեդալ։ Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանը ծանրամարտի գերտերություն է։ Վերջին տարիներին կառավարությունը էապես բարելավել է սպորտի ֆինանսավորումը, էակապես ավելացել են պարգևավճարները և թոշակները։ Սպորտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունից կարճ ժամանակ անց Հայաստանը փառահեղ հաջողություն գրանցեց մեծ սպորտում։
Կարծում ենք պարզ է, որ Փաշինյանի ներկայացված ռազմավարական փոփոխությունները հնարավոր կլինի իրականություն դարձնել, եթե սպորտի ֆինանսավորումը կրկնապատկվի, եռապատկվի հնարավորության դեպքում նաև տասնապատկվի։ ՀՀ կառավարությունը ընտրել է սպորտը խթանելու ճիշտ ուղին։ «Այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Հիշեցնեմ, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը:
Այս պահին գտնվում ենք 5-րդ ամսվա սկզբին, և ամբողջ տարի մեզ դեռևս սպասում են բավական թվով մրցաշարեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նշենք, որ ընթացիկ տարին նախաօլիմպիական է։ ՀՀ կառավարությունը պետք է անի հնարավորինն ու անհնարինը մարզիկների պատշաճ նախապատրաստական փուլն ապահովելու համար։ Պետք է արվի հնարավորինը Փարիզում մարտունակ օլիմպիական հավաքականով ներկայանալու համար։ Պետք է արվի հնարավորինը գալիք ամառային օլիմպիական խաղերում անկախ Հայաստանի լավագույն արդյունքը գրանցելու համար։