Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է: Կա մեդալ, կա արդյունք: Այս պահին Հայաստանն ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է»,-ասաց նա:
Խոսելով մարզական օբյեկտների կառուցման և շինաշխատանքների ընթացքի մասին` Գիլոյանը շեշտեց, որ Արտաշատի աթլետիկական մարզադաշտը պատրաստ կլինի հաջորդ տարվա ապրիլին: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար:
Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին:
Մեծ է հավանականությունը, որ 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Անդրադառնալով ձմեռային մարզաձևերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը շուտով կժամանի Երևան: «Ձմեռային մարզաձևերում անելիք շատ ունենք: Մարզագույքը շատ թանկ է, բայց սա արդարացում չէ: Մենք պետք է կարողանանք միջոցներ հայթայթել: Հիմա ձմեռային մարզաձևերի հետ կապված ծրագրերն ամփոփում ենք»,-ասաց նա: