
«Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակը շատ ծանր է։ Պետք է հոգեբանորեն պինդ լինել։ ՈՒԵՖԱ-ն պահանջում է անցկացնել այս խաղը։ Մենք պետք է լավ աշխատենք, փորձենք հաղթել»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Այսօր ժամը 20։45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Փյունիկը» կմրցի Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հետ։ Չնայած, որ մեր երկրում պատերազմական իրավիճակ է, հանդիպումն այնուամենայնիվ կկայանա։ Հայաստանում հայտարարված չէ ռազմական դրություն և ՈւԵՖԱ-ն խաղը հետաձգելու որևէ հիմք չունի։ Այո, ստեղծված իրավիճակում դժվար է ֆուտբոլ խաղալը, բայց․․․։ «Փյունիկին» այսօր ներկայացնելու է մեր երկիրը, որի պատիվը հատկապես այս օրերին ուղղակի անհրաժեշտ է բարձր պահել։
«Ես շատ ուրախ եմ, որ մեզ հավատում են, կարծում են, որ մենք կարող ենք հաղթել: Առաջ միայն ես էի այդպես կարծում՝ իմ թիմով, իմ ակումբով: Բայց այսօր արդեն շատերն են մեզ հավատում և մենք վաստակել ենք այդ վստահությունը: Վերլուծել ենք մրցակցին, հասկանում ենք, որ շատ դժվար կլինի մեզ համար: Սա եվրոպական խաղ է, պետք է մաքսիմում պատրաստ լինենք: Բարձրահասակ, ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ ունեն, ուղղահայաց ֆուտբոլ են խաղում, երկար փոխանցումներ շատ են օգտագործում և քանակ են ստեղծում հարձակման գծում: Լավ կենտրոնական հարձակվող ունեն, որը կարողանում է վտանգ ստեղծել և գնդակ պահել, կոմբինացիոն խաղ խաղալ: Ունեն լավ ու վտանգավոր վինգերներ: Պետք է շատ ուշադիր ու կազմակերպված լինենք, երբ նրանք գրոհում են: Կոմպակտ խաղ պետք է ցույց տանք, որ կարողանանք նրանց համար խնդիրներ ստեղծել: Հուսով ենք՝ մեր պլանը կաշխատի: Այո, լավ թիմ է, բայց «Փյունիկն» էլ է լավ թիմ ու պատրաստ է նման մրցակիցների հետ խաղալ և ստեղծել խնդիրներ», – նշել է Մելիքյանը: Ի դեպ, «Սլովանում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս այսօր ամենայն հավանականությամբ կտեսնենք «Հանրապետականում»։ «Ճիշտն ասած ինձ համար մեծ կարևորություն չունի՝ ինչ թիմի հետ եմ խաղում: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իմ թիմը հաղթի և վաստակի 3 միավոր: Ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, մենք պատրաստ ենք: «Ժալգիրիսի» հետ առաջին հանդիպմանը կարող էինք և հաղթել, և պարտվել, բայց, իմ կարծիքով, լավ խաղ ցուցադրեցինք: Ճիշտ է՝ գոլեր չեղան, բայց շատ կարևոր է, որ չպարտվեցինք: Հուսով ենք այս անգամ մեզ հետ տուն կտանենք 3 միավոր»,- խաղից առաջ ասել է Բարսելյանը:
Մեր հավաքականի ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին․ «Ես չէի ուզի հիմա գալ, որովհետև սա ամենավատ բանն է, որ կարող էր լինել մեր ազգի հետ: Երևի դուք գիտեք՝ եվրոպացիները ոնց են մտածում: Նրանք մի քիչ վախկոտ են ու բոլորը մտածում են իրենց մասին, ոչ թե՝ ինչ կլինի այստեղ: Ճիշտն ասած, իրենց հարցերին չէի էլ պատասխանում, որովհետև ուղեղով այստեղ էի երեկվանից սկսած, ոչ թե իրենց հետ: Ինչ վերաբերում է նրանց. այսպիսի բաներ նրանք երևի միայն հեռուստացույցով են տեսել: Բայց ես նրանց ասացի, որ ոչ մի վատ բան չի կարող լինել: Ճիշտ է՝ մինչև հիմա էլ վախենում են, բայց ես ոչինչ չեմ կարող անել»։ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը լիահույս է, որ հայերի դեմ երրորդ դիմակայությունում հաղջության կհասնի։ «Երևանում երկու անգամ պարտվել եմ Սլովակիայի հավաքականի հետ։ Վստահ եմ՝ երրորդ անգամ հաջողությունը կլինի մեր կողմը։ Երևան ենք ժամանել 22 ֆուտբոլիստով։«Փյունիկը» շատ լավ կազմակերպված թիմ է։ «Բազելի» հետ խաղի առաջին խաղակեսում «Փյունիկն» ավելի լավն էր։ Հայերն ու վրացիները գիտեն՝ ինչպես խաղան ֆուտբոլ։ Հանգստյան օրերին խաղեր չենք ունեցել, երեկ անցկացրել ենք երկու մարզում, այսօր մարզում կանցկացնենք Հանրապետական մարզադաշտում։ Մենք ստեղծում ենք շատ պահեր, բայց վերջին խաղերում կաղում է թիմի արդյունավետությունը»,- ասել է Վլադիմիր Վայսը։
Նշենք, որ այս պահին «Փյունիկը» վերջին է ենթախմբում։ Առաջին տուրում մերոնք հյորընկալվելիս 1։3 հաշվով զիջել էին շվեյցարական «Բազելին», իսկ «Սլովանը» ոչ-ոքի 0։0 էր խաղացել Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ։