Կիրակի երեկոյան Լոնդոնի C2 կորտում կայացավ թենիսի՝ տարվա ամենասպասված ու ամենացանկալի հանդիպումներից մեկը: ATP հաշվետու մրցաշարի եզրափակչում հանդիպեցին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը:
2010-ի վերջին եզրափակչին ATP դասակարգման առաջատարները միանգամայն տարբեր կերպ էին ներկայացել. Ֆեդերերը գերազանց մեկնարկեց՝ հաղթելով Australian Open-ը, բայց հետո ձախողվեց «Մեծ սաղավարտի» մնացած երեք մրցաշարերում և ընդամենը մեկ «Masters» կարգի մրցաշարում չեմպիոն դարձավ, իսկ Նադալը ոչ միայն հաղթանակներ տոնեց Roland Garros-ում, Wimbledon-ում և US Open-ում, այլև մի շարք «Masters» կարգի մրցաշարերում: Միակ բարձունքը, որ չէր նվաճել Նադալը, հենց հաշվետու մրցաշարի հաղթողի կոչումն էր: Մոտիվացիայի հետ կապված խնդիրներ նույնպես չկային. «Fed-express»-ին հնարավորություն էր ընձեռվել՝ անհաջող ընթացած տարին մեծ հաղթանակով ավարտելու։ «Կատաղի ցուլն» էլ ցանկանում էր համալրել իր տիտղոսների ցանկը, բայց, ինչպես խաղից հետո նշեց Նադալը, շվեյցարացին այդ օրն անկասելի էր: Մեկ ժամ 37 րոպե տևած եզրափակչում 3 սեթում հաղթեց Ռոջեր Ֆեդերերը` 6:3, 3:6, 6:1 և իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ լավագույնը ճանաչվեց հաշվետու մրցաշարում: