Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։
23-ամյա կիսապաշտպանն իր առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»)։ 11 տարեկանում նա տեղափոխվել է իսպանական «Բարսելոնայի» ակադեմիա։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Վարդանյանն սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Սոչիի» կազմում։
2022 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա ազատ գործակալի հիմունքներով պայմանագիր ստորագրեց հարազատ «Ուրարտուի» հետ, -հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղում։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Էրիկ Վարդանյանին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և հաջող ելույթներ մաղթում կարիերայում։