Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
«Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա:
Դեկտեմբերի 16-ին` շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում,որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:
Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին:





































