Ապրիլի 26-ին կայանալիք բռնցքամարտի գերծանրքաշային կարգի Վիտալի Կլիչկո – Ալեքս Լեապայ մենամարտից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:
Ամերիկացի վետերան բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը ասուլիսի ժամանակ սկսել է ուժեղ բղավել և իր վրդովմունքն է հայտնել, որ ուկրաինացի բռնցքամարտիկը որպես մրցակից Լեապային է ընտրել, և ոչ թե իրեն:
Այնուհետև Բրիգսը հանել է իր հագից շապիկը և նետել Կլիչկոյի վրա, բայց այն ուկրաինացուն չի դիպել:
«Ես գեյ չեմ, բայց որտեղ որ Կլիչկոն պառկի քնելու ես նրա հետ կլինեմ»,- ասել է ամերիկացի վետերանը:
Կլիչկոն մի քանի անգամ փորձել է հանգստացնել Բրիգսին, բայց վերջինս շարունակել է բղավել. «Ես եմ իսկական չեմպիոնը»:
Կլիչկոն միջադեպի մասին է ասել է, որ սկզբից նույնիսկ չի էլ հասկացել, թե ով է բղավողը:
Ամերիկացի վետերանի կազմակերպած շոուն տևել է 10 րոպե, որից հետո անվտանգության աշխատակիցները դուրս են հանել նրան:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Բրիգսը կրկին փորձել էր վեճ հրահրել Կլիչկոյի հետ՝ վերջինիս վրա նետելով իր կոշիկը:









































