Կուբայի խորհրդարանը միաձայն հաստատել է լայնածավալ տնտեսական բարեփոխումների փաթեթ, որը նպատակ ունի երկիրը դուրս բերել ԱՄՆ-ի կողմից կիրառվող խիստ պատժամիջոցների ճնշումից։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, սա 1959 թվականի հեղափոխությունից հետո Կուբայի սոցիալիստական մոդելի ամենախորը փոփոխությունն է, որը դուռ է բացում մասնավոր սեփականության, անշարժ գույքի շուկայի զարգացման և բանկային ոլորտում մասնավոր կապիտալի մուտքի համար։ Ըստ աղբյուրի՝ պետական ձեռնարկությունները կվերափոխվեն մասնավոր առևտրային ընկերությունների, իսկ ձեռներեցներին կթույլատրվի ունենալ մի քանի մասնավոր բիզնես և աշխատանքի ընդունել ավելի քան 100 աշխատակցի։
Թեև Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը վստահեցրել է, որ իշխանությունները հավատարիմ են մնում սոցիալիզմին, երկրի վարչապետ Մանուել Մարերոն ընդգծել է, որ շուկան այժմ դիտարկվում է որպես ռեսուրսների արդյունավետ բաշխման հիմնական գործիք։










































