Ո՞վ կլինի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը: Հայացք նետելով դեպի անցյալ՝ կարող ենք առանձնացնել ընդամենը մի քանի մասնագետի, որոնց աշխատանքը տպավորել է և գրանցվել են համեմատաբար բարձր արդյունքներ: Այսօր պետք է արձանագրենք սակայն, որ 25 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի խաղում այդպես էլ չի ձևավորվել խաղային ձեռագիր: Իրականում դժվար է ասել, ի՞նչ ոճի ֆուտբոլ է դավանում մեր հավաքականը: Օրինակ, Ուկրաինայի ազգային հավաքականը կազմավորումից ի վեր չնայած մարզիչների փոփոխության ունի խաղաոճ որը որևէ կերպ չի փոփոխվում:
Նման օրինակները շատ են: Մեր հավաքականի հաջորդ գլխավոր մարզչի առաջնային խնդիրներից է լինելու այսպես ասած խաղային ձեռագիր դնելը, որն ամենևին էլ հեշտ խնդիր չէ: Իսկ որն է ձեռագիր չունենալու և նման ժառանգություն ստանալու պատճառը կամ մեղավորը: 2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկը» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին: Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում և Հայաստանի չեմպիոնը Լոպեսի գլխավորությամբ համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին: Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահանջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանի դուրը չեկավ և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց: Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին, ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսամնը, շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը:Նշված մասնագետներից թերևս Պերտերֆլիդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու:
Մասնավորապես, Պորտրեֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կադրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու: Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ: Հեռացավ պատվով: Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին:Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին: 2016 թվականի եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն տապալվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում չտոնելով ոչ մի հաղթանակ: 3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին, գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ կարծում ենք բոլորն են հիշում:
Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց նաև Պետրոսյանը: Ի՞նչ սկզբունքով էր Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր ասենք Հենկ Վիսմանին, Բեռնար Շալանդին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում, որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստանը գալը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Այստեղ պարզ է դառնում, որ հավաքականի արտասահմանցի մարզիչներին Հայրապետյանը ընտրել է բացառապես «էժան լինելու» համար: Դե բանական է, որ արտասահմանցի «էժան» մասնագետներն առանձնապես չեն տարբերվում հայաստանցի մասնագետներից: Ի՞նչ էր Հայրապետյանը մտածում, երբ հավաքականը վստահում էր Սարգիս Հովսեփյանին, կամ Արթուր Պետրոսյանին, որոնք մարզչական կենսագրություն ըստ էության չունեին:Հայրապետյանի «պրինցիպը» կարծում ենք պարզ էր միայն թե մարզիչը լինի «էժան»: Այս սկզբունքով առաջնորդվելու հետևանքով մոտ 16 տարի Հայաստանի ազգային հավաքականի խաղը ուղղակիր բռնաբարվել է:
Կարող էր արդյոք այքան վայրիվերումներից հետո մեր հավաքականն ունենար ձեռագիր կամ խաղաոճ: Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Եթե կարճ նկարագրենք իրավիճակը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի խաղը գտնվում է կոպալսային իրավիճակում: Կարծում ենք պարզ է, որ թե ՀՖՖ-ի և թե նոր մարզիչ համար առաջնային խնդիր է արդյունքից բացի դնել խաղային ձեռագիրը որը չի փոփոխվի առաջիկա տարիների ընթացքում: ՀՖՖ-ում այսօր կան մասնագետներ, որոնց հասկանում են խնդրի կարևորությունը: Թեկուզ ուշացումով, բայց ժամանակն է նաև լուծելու այս խնդիրը և առաջ շարժվել ուրույն ձեռագրով: