Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ իր թիմին դժվարին հակամարտություն է սպասվում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում, որտեղ «Արքայական ակումբ»-ի մրցակիցը լինելու է Դորտմունդի «Բորուսիա»-ն:
« «Բորուսիա»-ն շատ ուժեղ թիմ է, ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում հանդես գալու փորձ: Նախորդ մրցաշրջանում նրանք դուրս եկան եզրափակիչ, ուստի մեր մրցավեճը շատ բաց կստացվի, կլինի պայքար: Դորտմունդցիները Բունդեսլիգայում դուրս են մնացել չեմպիոնական մրցավազքից, հետևաբար` շատ կենտրոնացած կլինեն Չեմպիոնների լիգայի վրա:
Այդ թիմը պաշտպանությունում տիրապետում է բարձր մակարդակի կազմակերպվածության, հիանալի հարձակման գիծ ունի: Հաղթելու համար մեզ հարկավոր է քաջություն և բնավորություն»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:







































