Երեկ, բացի «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հանդիպումներից, կայացան նաև մի քանի ընկերական խաղեր, որոնցից ամենաուշագրավը, ըստ երևույթին, Բրազիլիա-Ռումինիա հանդիպումն էր: Ինչո՞ւ. որովհետև այդ հանդիպումը ոչ այնքան մարզական բնույթ էր կրում, որքան կազմակերպվել էր աշխարհի կրկնակի չեմպիոն լեգենդար Ռոնալդոյի պատվին, որը վերջին անգամ դուրս եկավ խաղադաշտ:
Արդյունքում բրազիլացիները հաղթեցին, և հանդիպման միակ գոլը հեղինակեց Ֆրեդը: 30-րդ րոպեին տեղի ունեցավ այս հանդիպման կարևորագույն իրադարձությունը. խաղադաշտ մտավ Ռոնալդոն: Նրա ավելորդ քաշն ակնհայտ էր, սակայն աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն անմիջապես ակտիվորեն ներգրավվեց խաղին և գոլ խփելու մի քանի հրաշալի հնարավորություն կորցրեց: Խաղընկերները ոչ մի ջանք չէին խնայում, որ Ռոնալդուն աչքի ընկնի և մեկը մյուսի հետևից հրաշալի փոխանցումներ էին կատարում երբեմնի լավագույն գոլահարին, սակայն այդ երեկո Ռոնալդոն այդպես էլ չկարողացավ իր վերջին գոլը խփել Բրազիլիայի հավաքականի կազմում:
Ընդմիջմանը «ֆենոմեն»-ը որդիների ուղեկցությամբ հրաժեշտ տվեց երկրպագուներին և երկրորդ խաղակեսում այդպես էլ խաղադաշտ չվերադարձավ: