Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց վրացուհի Մակա Պուրցելաձեին և ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատարներից:
Լիլիթ Գալոյանն, ով մինչ այս տուրը հայ շախմատիստուհիների մեջ լավագույն արդյունքն ուներ, սպիտակ ֆիգուրներով պարտություն կրեց Լելա Ջավախիշվիլիից և մնաց 4 միավորով: Հայաստանի երկրորդ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող Օլգա Զիմինայի հետ և այժմ ունի 3.5 միավոր:
Առաջին միավորը կորցրեց մրցաշարային աղյուսակի առաջատար լատվիացի Վիկտորյա Կմիլիտեն, ով սև խաղաքարերով զիջեց բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովային և թույլ տվեց վերջինիս միավորներով հավասարվել իրեն: