Ռուսական «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ով Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, հարցազրույց է տվել Eurofootball.ru կայքին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
« «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում, հավանաբար, հաղթելու ավելի մեծ ցանկություն ունեինք: Ուրախ ենք, որ հաղթել ենք Ռուսաստանի առաջնության լավագույն թիմերից մեկին: Խաղը հետաքրքիր ստացվեց:
Իհարկե, սեփական երկրպագուների ներկայությամբ խաղալը լրացուցիչ խթան է: Լավ է, երբ կա երկրպագուների աջակցությունը, բայց ֆուտբոլիստները պետք է շեշտը դնեն խաղադաշտում իրենց առաջադրանքների կատարման վրա»:
Հայաստանի ազգային հավաքականին միանալու կապակցությամբ Յուրչենկոն նշել է. «Կլինեմ անկեղծ՝ ինձ շատ հաճելի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքրքրվածությունը, և ես ցանկանում եմ խաղալ այդ թիմում:
Հայկական արմատներ ունեմ, և իմ նկատմամբ հետաքրքրվածությունը պատիվ է թե՛ որպես տղամարդու, թե՛ մարզիկի համար: Այլ հարց է, որ որոշում կայացնելուց առաջ հաշվի եմ առնում Ռուսաստանի առաջնությունում կատարվողը՝ լեգեոներների սահմանափակումն ու այլ նման հարցեր: Չեմ ցանկանում խորթ համարվել երկրում, որտեղ ապրում եմ»,- նշել է դարպասապահը: