Բիձինա Իվանիշվիլին ճնշման տակ ոչ ոքի չի հանդիպի: Այո, եղել է խնդրանք, բայց նա մերժել է եւ չի հանդիպի այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ ապօրինի պատժամիջոցները չեն հանվի,- apsny.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեն՝ ի պատասխան հարցի, թե «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդի եւ ռուսաստանյան միլիարդատիրոջ համարում ունեցող Բիձինա Իվանիշվիլին կհանդիպի՞ Թբիլիսի ժամանող՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանին:
Նա հրապարակայնացրել է, որ Իվանիշվիլին «երկու միլիարդ դոլար անձնական կարողություն է վստահել Արեւմուտքին, որ հայտնվել է «գլոբալ պատերազմի» կուսակցության ձեռքում» եւ ավելացրել, որ «հանդիպում կկայանա, եթե վերջ տրվի շանտաժին եւ դե-ֆակտո պատժամիջոցներին»:
Վրաստանի վարչապետի հայտարարության «մեխը» նրա կողմից արված բնորոշումն է՝ «գլոբալ պատերազմի կուսակցություն»: Ու՞մ է նա նկատի ունենում: ԱՄՆ դեմոկրատական կուսակցությա՞նը, թե՝ հավաքական Արեւմուտքին: Վրաստանում անցած օրերին ծավալվել են բողոքի զանգվածային ցույցեր: Այդուգանդերձ, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունել է «արտասահմանյան գործակալների մասին» օրենքը:
Աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Եթե առաջնորդվելու լինենք «արտասահմանյան գործակալների մասին» օրենքի նկատմամբ հանրային բարձր դիմադրողականության տպավորությամբ, ապա իշխող «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններից առաջ փաստացի ստեղծում է ներքաղաքական ճգնաժամ: Դա նման կլիներ «քաղաքական ինքնասպանության» եւ որեւէ տրամաբանության չէր տրվի, եթե Վրաստանի գործող վարչապետը գծած չլիներ «գլոբալ պատերազմի կուսակցության» եւ «Վրացական երազանքի» միջեւ ջրբաժանը:
Դա արդեն ստույգ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրության ձեւակերպում է: Կարելի է, իհարկե, վարկածել, որ «Վրացական երազանքը» Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ «քաղաքական առեւտրի մեջ է եւ պարզապես գին է բարձրացնում»: Շատ հնարավոր է, բայց Վրաստանի «ռազմա-քաղաքական քաշը» նման բարդ գործարքի համար ակնհայտորեն բավարար չէ: Թբիլիսին թիկունքում պետք է լրջագույն ռեսուրսներ ունենա, որպեսզի իր վրա վերցնի տարածաշրջանի «աքցանի դերակատարություն» նույնիսկ առերեւույթ դրսեվորումներով:
Տարածաշրջանը Միացյալ Նահանգներից եւ Եվրամիությունից հնարավորինս մեկուսացնելու շահառուն, անկասկած, Ռուսաստանն է: Բայց «հարմարվողականության» պատմական ավանդույթներով Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության բավարար այլընտրանք ունի, ինչը, բացառված չէ, որոշակի վերապահումներով կներգրվի Ռուսաստանի հարավ-կովկասյան պլանավորումներին: Եթե սցենարը դա է, ապա ո՞րն է լինելու Հայաստանի ընտրությունը, եթե վրացական «աքցանը» գործի դրվի:
Մանավանդ շատ բարդ է կանխատեսել, թե ինչի՞ դիմաց է «Վրացական երազանքը» փաստացի հանձնում Հարավային Կովկասում Արեւմուտքի պրովայդերի իր՝ մինչեւ բոլորվին վերջերս շատ պատվավոր ներկայացվող առաքելությունը: Հազիվ թե դա բանալ ռուսամետությունն է: Իսկ ամենաէականն այն է, թե ի՞նչ ռեսուրսով է Բիձինա Իվանիշվիլին հակադրվում Վրաստանի հանրային կարծիքին եւ ի՞նչ վստահություն ունի, որ խորհրդարանական ընտրությունները տանուլ չի տա:








































