Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայազգի 19-ամյա կենտրոնական պաշտպան Գայել Անդոնյանն առաջին խաղն է անցկացրել Մարսելի «Օլիմպիկ»-ի հիմնական կազմում:
Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Օլիմպիկ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Լանս»-ի նկատմամբ: 80-րդ րոպեին Անդոնյանը խաղադաշտ է դուրս եկել Ֆլորիան Թովինի փոխարեն:
«Առաջին լրատվական»-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո խոսնակ Տիգրան Իսրայելյանից փորձեց ճշտել՝ պատրաստվու՞մ է ՀՖՖ-ն Անդոնյանին հրավիրել ազգային հավաքական, թե ոչ:
«Դեռ նմանատիպ գործընթաց չկա, ես այդպիսի տեղեկություն չունեմ: Հենց հաստատ մի բան լինի, կհայտնենք»,- ասաց խոսնակը:
Հարցին, թե երբ կլինի ինֆորմացիա, Իսրայելյանը պատասխանեց. «Չգիտեմ, կարող է վաղն էլ լինի»:
2012 թվականից ի վեր Անդոնյանն «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմերում ընդհանուր առմամբ 29 խաղ է անցկացրել՝ խփելով 1 գոլ ու ստանալով 6 դեղին քարտ: Գայելը ծնվել է 1995թ. փետրվարի 7-ին: Նրա հասակը կազմում է 184 սմ: