«Ֆեներբահչե»-ի կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը մեկնաբանել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ իրեն 12 խաղով որակազրկելու որոշումը:
«Ես մեղադրվեցի ու պատժվեցի մի բանի համար, որ չէի արել: Մրցավարը խաղի արձանագրությունում գրել է, որ ես թքել եմ նրա դեմքին ու երկու անգամ ժեստերով ցույց տվել, որ ինքը համասեռամոլ է, ինչպես նաև վիրավորել եմ նրան: Այս ամենը կեղծիք է:
Ես կյանքում ինձ նման բան թույլ չեմ տա: Նրանք փնտրում են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է այդ ամենը կատարվել: Բայց այդպիսիք գտնելն անհնար է, քանի որ նման բան չի եղել:
Այս մեղադրանքները ծիծաղելի են: Մրցավարը նույնիսկ պորտուգալերեն չգիտի, էլ ինչպե՞ս նա կարող էր հասկանալ, թե ինչ եմ ես խոսել: Նրանք միշտ շփվում էին անգլերենով:
Ես սա չեմ հանդուրժելու ու պայքարելու եմ հանուն արդարության վերականգնման» – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:






































