Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի «Բորուսիա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է տպավորություններով:
«Մենք երկու-երեք կոպիտ սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում: Երբ խաղում ես լուրջ թիմերի դեմ, դա պարզապես անթույլատրելի է, քանի որ մրցակիցը օգտվում է սխալներից ու խփում է գոլեր: Ոչ ոք չի ներում քո սխալները:
Ինչ վերաբերվում է մրցաշարային աղյուսակում մեր դիրքին, կասեմ այսպես. ես երկու անգամ դարձել եմ Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ խմբային փուլից դուրս գալով երկրորդ տեղով: Ես սնապաշտ չեմ: Դա պարզապես փաստ է:
Իհարկե, ես չեմ կարող ամբողջովին գոհ լինել արդյունքից: Բայց եթե նույնիսկ հասարակ երկրպագու լինեի, կդիտեի հենց այս թիմերի խաղը, ու ոչ թե մեկ այլ խաղ, որոնցից ոմանք իրենց մակարդակով հիշեցնում են Եվրոպա լիգան», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:





































