Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի` ընթացիկ մրցաշրջանում ունեցած նպատակների մասին:
Չնայած կազմի հետ ունեցած խնդիրներին, որոնք ի հայտ են եկել ազգային ընտրանիների խաղերն անցկացնելու համար հայտարարված ընդմիջումից հետո, և այն հանգամանքին, որ «Ռեալ»-ը կատալոնական «Բարսելոնա»-ին զիջում է 8 միավորով, պորտուգալացի մասնագետը պատրաստվում է պայքարել բոլոր ճակատներում:
Նշենք, որ Մարսելոն շարքից դուրս է մնացել 3 ամսով, վնասվածքներ են ստացել նաև Ֆաբիո Կոենտրաոն և Ռաֆայել Վարանը: Այս ամենը խնդիրներ է առաջացրել «արքայական ակումբ»-ի պաշտպանական գծում, սակայն Մոուրինյոն շարունակում է լավատես մնալ:
«Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես աշխատել եմ բարձրակարգ ակումբներում, սակայն չեմ կարող ասել, որ որևէ մրցաշարը ավելի կարևոր է: Թույլ չեմ տա, որ իմ թիմը պայքարի ՉԼ գավաթի խաղարկության չեմպիոնի կոչման համար, սակայն երկրի առաջնությունում առաջատարին զիջի 15 միավորով: Կշարունակենք պայքարել Արքայի Գավաթի համար:
ՉԼ գավաթի խաղարկությունում մեզ հետ միևնույն խմբում հայտնված բոլոր ակումբներն իրենց երկրների չեմպիոններն են, այնպես որ` մեր կվարտետի հետ համեմատության պարագայում այլ խմբերի խաղերն ավելի շատ ընկերական հանդիպումներ են հիշեցնում, սակայն սա լրացուցիչ խթան է մեզ համար»,- հայտարարել է Մոուրինյոն:








































