Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնական՝ Realmadrid.com կայքի միջոցով հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ակումբը դատի է տալու կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին փոխնախագահ Ալֆոնս Գոդալին:
Նախկինում հաղորդել էինք, որ Գոդալը քննադատական խոսքեր է հնչեցրել այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում «Ռեալ»-ի՝ 3-րդ գոլը խփելուց հետո պորտուգալացի մասնագետը բուռն կերպով էր տոնել հաջողությունը:
«Ցավոք, Մոուրինյոն խելագար է: Ես ի նկատի ունեմ այն, թե ինչպես է նա տոնում հակառակորդի դարպասը խփած գոլերը: Հավանաբար դա այն բանի հետևանքն է, որ նա շատ վատ է ֆուտբոլ խաղացել»,- հայտարարել է Գոդալը:
Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարությունում մասնավորապես գրել է.
««Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն ցանկանում է իր վճռական դժգոհությունը հայտնել «Բարսելոնա»-ի նախկին փոխնախագահ Ալֆոնս Գոդալի՝ մեր մարզչի հասցեին արած քննադատական-վիրավորական արտահայտությունների վերաբերյալ: Այդ արտահայտությունները Գոդալն արել է «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո:
Մադրիդի «Ռեալ»-ը դատապարտում է այսօրինակ քայլերը և արդեն հստակ դիմում է ներկայացրել իր իրավաբաններին՝ այս հարցով զբաղվելու համար:
«Ռեալ Մադրիդ»-ը հավետ անհանդուրժողական կլինի նմանօրինակ վարքագծի հանդեպ՝ միշտ փակուղի դառնալով այսպիսի դեպքերի համար: «Ռեալ»-ը երբեք թույլ չի տա արատավորել իր թիմի անդամների պատիվը»:








































