Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը հայտնել է, որ իր կարծիքով` ՊՍԺ-ն կարող է 2012/13 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ:
«Ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում «Պարի Սեն Ժերմեն»-ի ցուցադրած խաղին ընթացիկ մրցաշրջանում: Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալը թիմի համար դժվար կլինի, բայց ոչ անհնարին: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն այնպիսի մարտավարություն ունեն, որը թույլ կտա նվաճել մրցաշարի Գավաթը:
Ներկայիս ՊՍԺ-ն հզոր թիմ է`բարձրակարգ ֆուտբոլիստներով: Իհարկե, Իբրահիմովիչի ներկայաթյունը թիմում մեծ նշանակություն ունի, բայց նաև յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր ուրույն դերն է կատարում:
Սովորաբար 2-3 տարի է անհրաժեշտ լինում, որպեսզի ցանկացած ակումբ ցուցադրի իր առավելագույն հնարավորությունները: Սակայն ՊՍԺ-ին կարող է ավելի քիչ ժամանակ պահանջվել»,- Արագոնեսի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:








































