Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, քանի որ չի ստացել Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի աջակցությունը:
Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել էր պաշտպանել Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը և խնդրել էր Սեկսվալեին հանել թեկնածությունը: Սեկսվալեն հայտարարել է, որ ցավում է Աֆրիկայի աջակցությունը չստանալու համար:
Հիշեցնենք՝ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները հայտարարել էին, որ կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: Այս թեկնածուին սատարելու որոշում էր կայացրել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաև Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը: