Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխության հարցը: Ներկայումս «արքայական ակումբ»-ը ջանքեր է գործադրում ` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Դե Խեան հիանալի դարպասապահ է: Նա լավ է դրսևորում իրեն և արժանի է հարգանքի: Ես հանգիստ եմ: Չեմ վախենում մրցակցությունից: Կպայքարեմ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- Marca-ն մեջբերում է Նավասի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Դե Խեան հստակ որոշում էր կայացրել հեռանալ «կարմիր սատանաներ»-ի կազմից և «արքայական ակումբ» տեղափոխվել: Լուրեր են շրջանառվում նաև, որ «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է տեղափոխվել «Պորտու»: