Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրը հավանություն է տվել Հյուսիս-ատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ համաձայնագրին, հաղորդում է Associated Press-ը։
Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել փաստաթղթին։ Քվեարկությունից հետո օրենսդիր մարմնի շենքի մոտ բարձրացվել է ՆԱՏՕ-ի դրոշը։
Քվեարկությունը տեղի է ունեցել ժամկետից մի քանի շաբաթ առաջ, քանի որ ներկա խորհրդարանը շաբաթվա վերջին պետք է արձակվեր՝ ապրիլի 12-ին նշանակված ընտրություններից առաջ։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ում միակ երկիրը, որը դեռևս հավանություն չի տվել Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը դաշինքին, Իսպանիան է։ Սպասվում է, որ փաստաթուղթը իսպանական խորհրդարանի կողմից կվավերացվի միայն մարտ ամսին։