Մեքսիկայում ցուցարարների խումբը հրկիզել է Իգուալա քաղաքի քաղաքապետարանի շենքը (արևմտյան Գերերո նահանգ)՝ ի նշան բողոքի ուսանողների նկատմամբ հաշվեհարդարի դեմ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ ցուցարարները սկզբում քարեր են նետել շինության պատուհանների ուղղությամբ, այնուհետև դյուրավառ խառնուրդով շշեր նետել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Հրդեհի հետևանքով հնարավոր տուժածների մասին չի հաղորդվում, սակայն քաղաքապետարանի շենքին զգալի վնաս է հասցվել:
Ավելի վաղ ցուցարարները հրկիզել էին ընդդիմադիր Դեմոկրատական հեղափոխություն կուսակցության գրասենյակը: Կուսակցության անդամ է քաղաքային վարչակազմի ղեկավար Խոսե Լուիս Աբարկան, որին երեկ Մեքսիկայի գլխավոր դատախազն անվանել էր ուսանողների նկատմամբ հաշվեհարդարի գլխավոր մեղավոր: Ներկայում քաղաքապետը հետախուզման մեջ է: