Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի կանոնավոր առաջնության վերջին խաղային շաբաթվա լավագույն երեք հոկեյիստների անունները:
Շաբաթվա երրորդ լավագույն հոկեյիստ է ճանաչվել Տամպա Բեյ «Լայթինգ»-ի առաջատար Սթիվեն Ստամքոսը, ով 4 հանդիպման ընթացքում վաստակել է 5 միավոր (4 գոլ, 1 փոխանցում): Հոկեյիստը կանոնավոր առաջնության վերջին տուրում կարողացավ ընթացիկ մրցաշրջանի իր 60-րդ տափօղակը հեղինակել:
Երկրորդ լավագույն հոկեյիստ է ճանաչվել իր լավագույն մարզավիճակին վերադարձող Սինդի Քրոսբին (Փիթսբուրգ «Փինգուինս»), ով նախորդ շաբաթ իր ակումբի կազմում անցկացրած 3 հանդիպումներում վաստակել է 6 միավոր (3 գոլ, 3 փոխանցում):
Նախորդ շաբաթվա կանոնավոր առաջնության լավագույն հոկեյիստ է ճանաչվել Ֆինիքս «Քոյոթես»-ի դարպասապահ Մայք Սմիթը, ով իր ակումբին օգնեց հաղթել 3 խաղերից 3-ում` բաց թողնելով երկու նետում և կատարելով 108 սեյվ: