Կարճատև դադարից հետո մեկնարկեց նաև Իսպանիայի առաջնությունը: 17-րդ տուրից առաջ իսպանական երկու գրանդներն էլ մնացել էին առանց հիմնական կազմի կենտրոնական պաշտպանների, բայց եթե Ժոզե Մոուրինյոն դեռ պետք է փոխարինողներ գտնի որակազրկված Պեպեի և Կառվալիոյի համար («Խետաֆե»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր), ապա Գվարդիոլան արդեն իր խնդիրը լուծել է. «Լևանտե»-ի հետ խաղում կատալոնցիների մարզիչը որակազրկված Պիկեի և վնասվածք ստացած Պույուլի փոխարեն, խաղադաշտ դուրս բերեց Աբիդալին և Բուսկեսին: «Բարսելոնա»-ի կիրակնօրյա հանդիպմանը չէր մասնակցում նաև Մեսսին: Արգենտինացու բացակայության պայմաններում ռմբարկուի դերն իր վրա վերցրեց Պեդրոն, ով հանդիպման 49-րդ և 59-րդ րոպեներին Ալվեսի փոխանցումներից հետո դարձավ 2 գնդակի հեղինակ: «Լևանտե»-ին հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը` «Բարսելոնա»-«Լևանտե»` 2:1: «Սևիլյա»-ն Կանուտեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Օսասունա»-ին: «Վալենսիա»-ն 2:1 հաշվով առավելության հասավ իր հիմնական մրցակից «Էսպանյոլ»-ի նկատմամբ: «Ատլետիկ»-«Դեպորտիվո» և «Սպորտինգ»-«Մալագա» խաղերում գրանցվեցին միևնույն` 1:2 հաշիվները: Տուրի մյուս հանդիպումները կկայանան այսօր: