ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալ»-ի 2010 թ. լավագույն երեք ֆուտբոլիստների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը: Հարցմանը մասնակցած երկրպագուներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Օլեգ Շատովին, երկրորդը Թումասյանն է, երրորդ հորիզոնականը կիսել են հայազգի Նիկոլայ Սաֆրոնիդին և Արտյոմ Ֆիդլերը: Թումասյանն ու Սաֆրոնիդին ողջ մրցաշրջանի ընթացքում խաղացել են թիմի հիմնական կազմում և համարվում են «Ուրալ»-ի առաջատարները: Եկատերինբուրգյան ակումբը պայքարում էր «Պրեմիեր լիգա»-ի ուղեգրի համար, սակայն վերջնամասում զիջեց դիրքերը: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ Թումասյանը համարվում ՀՀ ընտրանու թեկնածու, և ինքը շարունակելու է հետևել 25-ամյա պաշտպանի խաղերին: