Sky Sports-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին երեկ Դուբլինում տեղի ունեցած «Իռլանդիա-Հայաստան» (2։1) խաղից հետո խոստովանել է, որ առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի լավ է հանդես եկել, քան իր թիմը.
«Մենք կարողացանք հաղթել միայն խաղին մոտենալու մեր մոտեցման, մենթալիտետի և մեր համակարգին հետևելու շնորհիվ, քանի որ առաջին խաղակեսը մեզ համար շատ դժվար ստացվեց։ Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում շատ և շատ լավ էր խաղում, և մեզ համար բարդ էր խաղի վերահսկումը։ Հայերն ավելի շատ էին տիրում գնդակին և ավելի լավ էին խաղում։ Սակայն, դրա հետ մեկտեղ, ես չեմ հիշում մեր դարպասին իրական վտանգավոր պահեր։
Իրենց խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են։ Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր մրցակցի դեպքում։ Կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե առաջին հանդիպումն անցկացնենք դրսում, իսկ երկրորդ հանդիպումը՝ տանը։ Առայժմ մենք կատարել ենք գործի կեսը, քանի որ առջևում փլեյ-օֆֆն է»։