Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփելով անցնող մրցաշրջանի արդյունքները, գոհունակություն հայտնեց թե՛ հավաքականի, թե՛ «Փյունիկ»-ի ցուցադրած խաղից և արդյունքներից: Մարզչի կարծիքով, հավաքականի առջև դրված խնդիրների մեծամասնությունը կարելի է լուծված համարել: Հավաքականը սերնդափոխության ճանապարհին է, երիտասարդական կազմից 9-10 ֆուտբոլիստ այս տարի հանդես եկան ազգային հավաքականում: Սկիզբը խոստումնալից է, և պետք է շարունակենք աշխատանքը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիր դրված չէ, փոխարենը դրված է յուրաքանչյուր խաղում հաղթելու խնդիր: Այսօր Հայաստանի հավաքականը իր պոտենցիալով ի վիճակի է հաղթել Ռուսաստանին, և դա չի դիտվի որպես սենսացիա: Ինչ վերաբերում է «Փյունիկ»-ին, «մեր առջև խնդիր էր դրված, որ հավաքականների թեկնածուներին պահեինք օպտիմալ վիճակում, և մենք կատարեցինք այն: Իմ ցանկությունն էր, որ լավ հանդես գայինք միջազգային ասպարեզում: Համենայն դեպս, արդյունքի տեսնկյունից հաջող տարի էր. չեմպիոնություն, գավաթ և սուպերգավաթ»: Վարդան Մինասյանը նշեց նաև, որ իր համար շատ կարևոր է ցուցադրած խաղի որակը, և այդ առումով մեր երիտասարդները նույնպես իրենց արդարացրին: