
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Մխիթարյանն ֆուտբոլի պատմության ընթացքում մեջ կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը կլինի եվրոպական բոլոր ակումբային մրցաշարերի գավաթակիր։ Նման հաջողության չեն հասել նույնիսկ կենդանի լեգենդներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել էր հոլանդական «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևել անգլիական թիմին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի 6 գնդակով դարձել էր Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։ Արդեն 2022 թվականին «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։ Ինչև երեկ տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով պարտության մատնեց «Միլանին»։ Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր սակայն 42-րդ րոպեին նա վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով Էդին Ջեկոյի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
«Հուսով, որ Հենրիխի վնասվածքը լուրջ չէ: Եթե նույնիսկ ինչ-որ խնդիր առաջանա, ապա կանենք հնարավորինը որպեսզի նա արագ ապաքինվի: Մխիթարյանն արդեն մասնակցել է երկու եզրափակիչ խաղերի, ավելի շատ փորձ է ունի, ուստի հույս ունենք, որ նա կարող է լինել նաև այնտեղ»,- խաղից հետո ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։ Վերջինս նշել է նաև, որ եզրափակում հայտնվելն իրենց համար երազանք էր, որն իրականացավ․ «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք կհասկանանք, թե ինչ ենք արել։ Մեզ համար դա երազանք էր, բայց մենք միշտ հավատում էինք դրան։ Դա անսովոր ուղի էր, իսկ այժմ էլ դերբիում հաղթելը կիսաեզրափակիչում: Այս ամենը շատ գոհացուցիչ է։Ես հպարտ եմ, որ այստեղ եմ: Ես գիտեմ, թե ինչ ակնակալիքներ կային թիմից, երբ միացա ակումբին 2021 թվականի հունիսին, այն է՝ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Այս տարի մենք ավելի առաջ գնացինք, բայց ոչ ոք չէր հավատում դրան։ Մենք արժանի ենք այն ամենին, ինչին հասել ենք։ Եվ հիմա եզրափակչում խաղալու երազանքն իրականացավ»: «Միլանի» նկատմամբ հաղթանակից հետո սոցցանցերում գրառում է կատարել Մխրթայանը․ «Ճանապարհորդությունը շարունակվում է: Կհանդիպենք եզրափակչում»:
Այսօր հայտնի դարձավ, որ «Միլանի» հետ պատասխան խաղում ձախ ազդրի մկանի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով իտալական ակումբի բժշկական շտաբին։ Նույն աղբյուրի համաձայն վնասվածքի լրջությունը կպարզվի առաջիկա մի քանի օրերին, սակայն հայ ֆուտբոլիստի մասնակցությունը Ա Սերիայի կիրակի օրը կայանալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը բացառված է։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում։ Ի դեպ, «Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։
«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի մյուս ուղեգիրը այսօր պատասխան խաղում կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Այս թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝1:1: