
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 36-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» սիրողական ակումբի հետ։ Այս թիմի սեփականատերերն են Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Սոբոլևն ու Գեորգի Ջիկիան։ «Բեյ Բեգի» թիմում ելույթ է ունենում նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը։ Դավիթ Յուրչենկոն այս տարվա սկզբին հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկից»։ Յուրչենկոն խաղացել էր նաև Երևանի «Ալաշկերտում», Կարագանդայի «Շախտյորում», ռուսական «Ենիսեյում», «Տոսնոյում», «Անժիում», «Ուֆայում», «Մորդովիայում», «Կռիլյա Սովետովում», «Վոլգարում», «Տիտանում», Մինսկի «Դինամոյում», լատվիական «Մետալուրգում»։ Ինչևէ, այսօր ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին ընդառաջ դարպասապահների հետ կապված լուրջ խնդիր ունի։ Այն, որ Յուրչենկոն հայտնվել է սիրողական թիմում խոսում է նրա խաղային որակների անկման մասին։
Կարծում ենք, ինչ որ տեղ նույնիսկ ամոթալի կլինի, որ Հայաստանի ազգային թիմի դարպասը պաշտպանի սիրողական թիմի դարպասապահ։ Արձանագրենք նաև, որ Յուրչենկոն ըստ էության ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում։ Իսկ ով պետք է պաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը առաջիկա ընտրական շրջափուլում և մասնավորապես մարտի 25-ին կայանալիք Թուրքիայի դեմ խիստ պատասխանատու խաղում։ Յուրչենկոյի ազգային թիմում խաղալու պայամաններում երկրորդ դարպասապահը «Փյունիկի» ներկայացուցիչ Ստանիսլավ Բուչնևն էր։ Անցյալ տարի ազգային թիմ էին հրավիրվել նաև «Փյունիկի» մեկ այլ ներկայացուցիչ Հենրի Ավագյանը, ինչպես նաև «Ուրարտու»-ում ելույթ ունեցող Արսեն Բեգլարյանը։ Վերջինս տարիներ առաջ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն էր և աչքի էր ընկնում անկայուն և վատ խաղով։ Բեգլարյանի հետ հույսեր կապել ուղղակի չի կարելի։ Ազգային թիմի դարպասը պաշտպանել է Ավագյանը Ազգերի լիգայի խաղարկության Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում։ Ցավով պետք է ընդունենք, որ տեսադաշտում չկա գեթ մեկ դարպասապահ, որը խաղային որակներով կհամապատասխանի ազգային հավաքականին։ Նոյեմբերին տեղի ունեցած Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանել էր Բուչնևը։ Վերջինս մասնակցել էր նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ Երևանում կայացած հանդիպմանը։ Թույլ տալով կոպիտ սխալներ Բուչնևը խաղից հետո ներողություն էր խնդրել երկրպագուներից։
«Այսօր այն օրն էր, երբ ես նշեցի նորամուտս Հայաստանի ազգային հավաքականում։ Ես շատ ուրախ եմ այդ առիթով։ Ամեն բան չստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում։Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հուսախաբ արեցի։ Խոստանում եմ այդ ամենից դասեր քաղել և վերադառնալ ավելի ուժեղ»,- հայտարարել էր Բուչնևը։ Հավանականությունը մեծ է, որ Թուրքիայի դեմ խաղում մեր թիմի կպաշտպանի երկրպագուներին հուսախաբ արած դարպասապահը։ Հենրի Ավագյանը «Փյունիկում» Բուչնևի փոխարինողն է, իսկ Արսեն Բեգլարյանը․․․։ Ընտրական փուլին ընդառաջ խոսում ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու մասին։ Խոսում ենք այն դեպքում երբ մեր գլխավոր թիմն ուղղակի չունի հուսալի դարպասապահ։
Անկախ Հայաստանի ֆուտբոլի դպրոցն ուղղակի չի կարողանում պատրաստել դարպասապահների որոնց խաղային որակները կհամապատասխանեն ազգային թիմին։ Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արսեն Բեգլարյանը հայկական ֆուտբոլի դպրոցի սաներ չեն։ Եվ ընդհանրապես Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո Հայաստանի ազգային թիմը մեծ հաշվով հուսալի դարպասապահ չի ունեցել։ Տարիներ շարունակ ֆուտբոլի ֆեդերացիան այդպես էլ չկարողացավ լուծել դարպասապահի հարցը և այսօր մենք ընտրական փուլին ենք մոտենում բաց թիկունքով։