Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյա Իզզաթ ալ Ռաշիքը հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի հրադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կատարը և Եգիպտոսը փորձում են հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի, սակայն համաձայնության հասնելու հույսերը նվազել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը մայիսի 5-ին կրկնեց իր պահանջը՝ պատանդների ազատման դիմաց վերջ դնել պատերազմին, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացառեց նման հնարավորությունը, հավելում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ Ռաֆահում գտնվող պաղեստինցիները սկսել են տարհանվել, մի մասը՝ մեքենաներով, մյուսները՝ սայլերով, ոմանք էլ՝ ոտքով։ Նրանցից շատերն արդեն իսկ առնվազն մեկ անգամ տեղահանվել էին 7 ամիս տևող հակամարտության ընթացքում։











































