
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ 4 օր անց արդեն Ստոկհոլմում մերոնք կմրցեն Շվեդիայի ազգային թիմի հետ։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ընկերական հանդիպումները բավական ուժեղ մրցակիցների հետ առաջին հերթին հնարավորություն են Խոակին Կապառոսի համար՝ փորձարկումներ կատարելու և ամրացնելու խաղային մոդելը։ Ինչ խոսք, կարևոր է նաև արդյունքը, որը հոգեբանական առումով վստահություն կհաղորդի։ Խորվաթիայի և Շվեդիայի հետ հանդիպումներին մոտենանք նաև այլ տեսանկյունից։ Հայաստանի հավաքականը երկու հանդիպում է անցկացնելու Եվրո-2020-ի ֆավորիտների շարքում դասվող ազգային թիմերի հետ։ Այս հանդիպումները Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին ընդառաջ լինելու են ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում։
Չմոռանանք նաև, որ շուտով բացվել է ամառային տրանսֆերային պատուհանը։ Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների եվրոպական թոփ լիգաներ տեղափոխվելու մասին։ Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է ամռանը հայտնվել Իսպանիայի Լա լիգան ներկայացնող թիմերից մեկում։ Ավելի վաղ խոսվում էր, որ այս թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը գերմանական Բունդեսլիգայի թիմերի ուշադրության կենտրոնում է։ Չմոռանանք նաև մեր հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստներին, մասնավորապես Ժիրայր Շաղոյանին, Վահան Բիչախչյանին, Էդուարդ Սպերցյանին։ Հայաստանի ազգային թիմում անցկացրած տպավորիչ հանդիպումներից հետո տեղեկություն տարածվեց, որ Շաղոյանը հայտնվել է Իսպանիայի հեղինակավոր ակումբներից մեկի՝ «Սևիլիայի» դիտակում։ Ավելի ստույգ այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել էր լրագրող Արարատ Մամբրեյանը: Ըստ աղբյուրի` իսպանական թիմը երկար ժամանակ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի մասնագետների հետ: Հավանականությունը մեծ է, որ Շաղոյանի թեկնածությունը «Սևիլիային» առաջարկել է հենց Խոակին Կապառոսը: Կա հավանականություն, որ ամռանը Շաղոյանը կարող է մեկնել Սևիլիա:
Աղբյուրը նշել էր նաև, որ «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին սերտ կապի մեջ է Խոակին Կապառոսի հետ, ով մինչ Հայաստանի ազգային հավաքականին միանալը զբաղեցնում էր իսպանական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ երկու անգամ գլխավորել էր «Սևիլիան»: Ժիրայր Շաղոյանը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել էր մարտի 28-ին՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում, ապա մասնակցեց նաև Ռումինիայի հետ հանդիպմանը։ Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Հայաստանի հավաքականում։ Անցկացրել է 2 խաղ, երկուսն էլ հաղթական ավարտով։ Երևանի ԲԿՄԱ-ի առաջատարը փայլուն խաղով աչքի է ընկնում նաև Հայաստանի առաջին խմբի առաջնությունում։ Երեկ Շաղոյանի «Ուրարտու-2»-ի դարպասը խփած գնդակը կարելի է բնութագրել թերևս մեկ բառով ֆանտաստիկ։ Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն առաջիկա հանդիպումներում լինելու են թոփ լիգաների թիմերի ուշադրության կենտրոնում։ Անդրադառնանք նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի վերջին 5 հանդիպումներին։ Ամենայն հավանականությամբ Մխիթարյանը կմասնակցի առաջիկա հանդիպումներում։
Վերջին 5 հանդիպումներում մեր հավաքականն առանց իր առաջատարի համախմբված և թիմային ֆուտբոլ էր ցուցադրել՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի դրական լիցքեր կհաղորդի Մխիթարյանը արդեն իսկ ձևավորված խաղային մոդելին։ Չմոռանանք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջիկա պաշտոնական հանդիպմանը որակազրկման պատճառով չեն մասնակցելու Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանն ու Վարազդատ Հարոյանը։ Կարևորագույն խաղում շատ բան է կախված լինելու հենց Մխիթարյանից։ Հետևաբար թե Կապառոսի, և թե Մխիթարյանի համար անհրաժեշտ է լուծումներ գտնել բացը լրացնելու համար։
Ընկերական հանդիպումներում Մխիթարյանը ևս կլինի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Մրցաշրջանի ավարտին նրա պայմանագիրն ավարտվում է «Ռոմայի» հետ և գալիք մրցաշրջանում Մխիթարյանին ամենայն հավանականությամբ կտեսնենք այլ թիմում։