Վերջերս համացանցը ցնցեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի և նրա ընկերների ամենաթող պահվածքը ոստիկանական բաժանմունքում: Այն, ինչ տեղի է ունենում «օրենքով գողի» մասնակցությամբ ոստիկանության բաժանմունքում, առնվազն՝ այս տեսանյութում արձանագրվածի շրջանակներում, ուղղակի սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը, ապացույցն այն բանի, որ Հայաստանում ոստիկանություն գոյություն չունի:
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը ժողովրդի դեմ գործող ոստիկանական մահակի զինաթափումն էր: Դրան պետք է հաջորդեր կարգավիճակի ճշգրտումն ու գործունեության հստակեցումը: Բայց, ցավոք սրտի, հաջորդ՝ թերևս շատ ավելի կարևոր քայլը այդպես էլ գեղեցիկ խոսքերից ու ցանկություններից այն կողմ չանցավ: Այսինքն պետական կարևորագույն ինստիտուտը մատնվեց անորոշության ու անշարժության։
Եվ խնդիրը միայն անորոշությունը չէ։ Ներկայումս մենք տեսնում ենք, թե ինչպես են կոտրում ու նվաստացնում այդ կարևոր պետական ինստիտուտի ողնաշարը։
Ոստիկանության հիմնախնդիրը ի վերջո պետք է կարգավորվի: Իսկապես գործ ունենք չափազանց վտանգավոր մարտահրավերի հետ. մի կողմից դրան նվաստացնում ու կոտրում են, իսկ մյուս կողմից էլ՝ հրեշի կարգավիճակ շնորհում: Եկեք գտնենք ոսկե միջինը, որի տիրույթում պետական ինստիտուտը իր գործունեությունը կծավալի արժանապատվության ու հանրային շահերի պաշտպանության փոխլրացնող և ներդաշնակ տիրույթներում: